Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը։
Օրինագիծն ունի հիմնական 3 դրույթ․ 1-ինը՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, 2-րդը՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, 3-րդը՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։
Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և դրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելն անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունն ու մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ:
Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։