ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ազգային ժողովում անդրադառնալով շտապօգնության վարորդների բողոքին ցածր աշխատավարձից, հայտարարել է, որ շտապօգնության բուժանձնակազմի աշխատավարձային ֆոնդի վերանայումը նախարարության ուշադրության կենտրոնում է։
«Արդյո՞ք կարող ենք մեծ-մեծ քայլերով գնալ, ցավում եմ, բայց ոչ, պետք է ամեն ինչ համամասնորեն դիտարկել։ Այս պահին դիտարկում ենք՝ ինչպես կարող ենք գոնե կարճաժամկետ ինչ-որ մի ձևով խրախուսել մեր բուժաշխատողներին», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։
Ավելի վաղ շտապօգնության ծառայութան մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի բարձրացում։ Մասնակիցներից նշել էին, որ մեկ օրվա համար ստանում են 11,700 դրամ, երեք օրը մեկ պարբերականությամբ է հերթապահություն իրականացնում, ամսական կտրվածքով միջին աշխատավարձը կազմում է մոտ 120,000 դրամ:
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, իսկ առաջիկայում Ճապոնիայի տրամադրած պետական դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվելու ևս բավական լավ հագեցված շտապօգնության մեքենաներ։
Նա ասել է, թե պետք է վերանայել շտապօգնության ծառայության կազմակերպման ամբողջ ընթացքը։
«Հիմա աշխատում ենք, որ ճիշտ համակարգ գծագրենք», - ասել է նախարարը։