Պետությունը նախատեսում է 2022 թվականին ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման համար հատկացվելիք բյուջեն ավելացնել՝ դարձնելով 5 մլրդ դրամ: Այդ մասին հիշեցրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասել է Ավանեսյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին:
«Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ամբողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից»,- հիշեցրել է նախարարը:
Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը նախարարը պայմանավորել է բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ:
Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշել է, որ կան կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններին դիմելիության բավականին ցածր ցուցանիշներ: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով, նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերի դիմելիության մեծ աճ: