10 նոյեմբերի 2021 - 10:43 AMT
ՌԴ-ն հաստատել է Շուշիի մոտ ադրբեջանցիների կողմից հայ բնակչի սպանությունը

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտ ադրբեջանական զինուժի կողմից հայ բնակչի սպանությունը և մյուսների վիրավորումը։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։

ՌԴ ՊՆ տեղեկագրում ասվում է, որ նոյեմբերի 8-ին, Մոսկվայի ժամանակով 13։40-ին (Երևանի ժամանակով` 14.40-ին) Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից գնդակոծվել են Լեռնային Ղարաբաղի աշխատանքային խմբի չորս անձից բաղկացած աշխատողները, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, 3-ը՝ վիրավորվել։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է իրականացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: