Նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Սև լճի հատվածում փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Այդ մասին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են: Մեր տղաները բարելավել են իրենց դիրքերը»,–ասել է նա։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։