10 նոյեմբերի 2021 - 16:48 AMT
Օդանավակայանից ուղևոր վերնցող տաքսիների պետտուրքը տարեկան կկազմի 200,000 դրամ

Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի-ծառայությունների ոլորտը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ըստ նախագծի, օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղևորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200,000 դրամ է։

Սահմանվել են նաև մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ․ մեքենաները պետք է լինեն շախմատաձև AeroTaxi գրառմամբ։

«Տարիքային սահմանափակումը վերաբերում է նրան, որ յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է։ Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղևորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակն օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը և զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: