Դեկտեմբերի 1-ից 1 մլրդ դրամ և ավելի պայմանագրային արժեքով բոլոր պետական շինարարական աշխատանքները կվերցվեն Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության տակ։
Ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը նման հանձնարարություն է տվել` հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը։
«Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց»,– ասվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը: