Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ նրանք «քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Խովաևը ՌԴ-ից, Էնդրյու Շոֆերն ԱՄՆ-ից և Բրիս Ռոքֆեյը Ֆրանսիայից, գրում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»: