12 նոյեմբերի 2021 - 16:15 AMT
Վիճաբանություն` ԱՊՀ նիստում․ «Ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում վիճաբանություն է տեղի ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև: Ասադովը կրկնել է Բաքվի ավանդական թեզերը՝ դիվերսանտներ անվանելով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին։ Նա նաև հայտարարել է, որ «ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան», գրում է Sputnik Արմենիան:

Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք է խնդրել, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:

Խոսքի իրավունք խնդրելով՝ Գրիգորյանը նկատել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Նա կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Իր հիմնական ելույթում Գրիգորյանը հայտարարել էր, որ, չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

«Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում»,-ասել է Գրիգորյանը։