25 մարտի 2009 - 20:57 AMT
Հանրային խորհրդի ձեւավորման առաջին փուլը կավարտվի արդեն ընթացիկ տարվա մայիսին
Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքները շարունակվում են եւ կարող են տեւել մինչեւ մայիսի կեսերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հանրային խորհրդի ժամանակավոր կոորդինատոր Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով, Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 36 անդամներից: Առաջին 12 ներկայացուցիչներին նշանակում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եւս 12-ին կընտրի հանրությունը: «Դրա համար կձեւավորվեն հատուկ հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտանալու է հասարակական կյանքի ոլորտներից մեկում: Մինչեւ ապրիլի 18 կընտրվեն այդ հանձնաժողովների նախագահները: Ենթադրվում է, որ նրանք կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչներ են լինելու»,- նկատել է Խորհրդի ժամանակավոր կոորդինատորը` ավելացնելով, որ հենց հանձնաժողովների նախագահներն են լինելու հասարակության կողմից ընտրած Հանրային խորհրդի անդամները: Խորհրդի մնացած 12 անդամներին կընտրեն խորհրդի` արդեն նշանակված 24 անդամները: Վազգեն Մանուկյանի տվյալների համաձայն, Հանրային ստեղծման առաջին փուլը կավարտվւ արդեն ընթացիկ տարվա մայիսին: «Խորհրդի վերջնական ձեւավորումից հետո Հայաստանի նախագահը կնշանակի Հանրային խորհրդի նախագահին»,- ընդգծել է Մանուկյանը:

Հայաստանի Հանրային խորհրդի ժամանակավոր անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը նկատել է, որ այդ խորհուրդը պրոֆեսիոնալներին եւ փորձագետներին հնարավորություն է ընձեռում իրենց ջանքերը ներդնել երկրի քաղաքացիական հասարակության կայացման գործում: