Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է` աշխատակիցները տարհանվել են։ Այդ մասին հայտնել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,–ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։
Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հայտնել է, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Սոթք գյուղի ուղղությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Սոթքի ոսկու հանքի աշխատողներին իջեցրել ենք ներքև, բայց ադրբեջանցիների կողմից շատ մեծ կուտակումներ կան», - ասել է նա:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։
Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: