Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես թուրք գործընկերների, այնպես էլ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Նաև Իրանի ԱԳ նախարարի, երբ վերջինս Վրաստանում էր։ Մեր դիրքորոշումը նրանց համար պարզ է»,-ասել է Զալկալիանին։
Նա ասել է, որ Վրաստանը չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծի, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է, գրում է Sputnik Արմենիան։
Զալկալիանին ասել է նաև, որ այլընտրանք կարող է հանդիսանալ Վրաստանի ներկայացրած 3-ի հարթակը՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ «Մենք չենք ակնկալում, որ մեր հարթակի շրջանակում քննարկվելու են քաղաքական հարցեր, կամ սահմանազատման ու սահմանագծման։ Խոսքը կարող է գնալ միայն տնտեսական, ենթակառուցվածքային, տրանսպորտային նախագծերի մասին»,-ասել է նա։
«3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։