20 նոյեմբերի 2021 - 13:19 AMT
Երևան-Սևան մայրուղու վրայի քանդակները պաշտպանող համակարգեր կներդրվեն

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) ամբողջովին վերականգնում անցած քանդակները, որոնք բազմիցս վանդալիզմի են ենթարկվել, պաշտպանելու համար դրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։

Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։