26 մարտի 2009 - 19:44 AMT
Թուրք պրոֆեսոր. Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարության հաղթանակի միակ ճանապարհն է
Մարտի 23-ին Ստոկհոլմում կայացած «Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ժառանգությունը» գիտաժողովին ընթերցվեց թուրք պրոֆեսոր Այշե Գյունեյշիի ուղերձը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար, Շվեդիայի Հայկական հանրությունների միության նախագահ Վահագն Ավեդյանը, ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Փոքր Ասիայի Հայոց ցեղասպանությունից մոտ մեկ դար է անցել, եւ Թուրքիան դեռեւս շարունակում է ժխտել այդ փաստը` դրանով իսկ թունավորելով ողջ թուրք ժողովուրդը: Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը գտնում է, որ եթե կանգնած է պետության կյանքի ու մահվան հարցը, ապա կառավարությունը իրավունք ունի գործի դնել պետական մեքենան, որպեսզի պաշտպանի ազգի շահերը: Հենց այդպիսով Հայոց ցեղասպանության մասին սուտը փոխանցվում է սերնդեսերունդ»:

Ինչպես ընդգծվում է Այշե Գյունեյշիի ուղերձում, հենց այս ստով է հիմնավորված այն, որ մեկ դար անց Թուրքիայում չկա իրական ժողովրդավարություն, խաղաղություն եւ բարեկեցություն: «Վաղ, թե ուշ ամեն գաղտնի բան բացահայտվում է: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցման վճարումը միակ ճանապարհն է, որի օգնությամբ արդարությունը կհաղթանակի»,- գտնում է նա: