24 նոյեմբերի 2021 - 11:13 AMT
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել հայ գերիների ու ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության մասով

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը 2 բանաձև է ընդունել ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ նշելով, որ խորհրդարանը բանաձևեր է ընդունել «Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ»։

Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։

«Հաշվի առնելով դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ըստ ՊՆ տվյալների, հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Vարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին, հավանաբար, ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան ավելի վաղ կարծում էին՝ ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։ հավելել է նաև, որ այդ տվյալները վերջնական ճշտված չեն։