24 նոյեմբերի 2021 - 15:12 AMT
Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով

Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով:

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային չորս համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Վարկային, դրամաշնորհային ծրագրի աջակցության ու ծրագրի համաձայնագրերը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսը կմիանա արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն ՀՀ, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում:

Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ: