Ադրբեջանական զինծառայողների դիտակետը գտնվում է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի տան վերևում՝ սարի վրա: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով, ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։
«Ճակատեն մեր այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին։
Դրանից բացի, Գևորգ Ավագյանն իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբյուրն է:
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել։ Մարդը պարզապես զրկվել է իր և ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից»,-ասվում է գրառման մեջ։
ՄԻՊ-ը նշել է, որ այս նույն ընտանիքը զրկվել է նաև իր արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանցիները ներկա են այդ տարածքներում։
Նշվում է նաև, որ փաստերն ակնհայտ են՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից:
«Նրանց արարքները հանցավոր բնույթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչությանը (հատկապես սահմանային բնակավայրերում) էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում»,-ասվում է հայտարարության մեջ: