30 նոյեմբերի 2021 - 11:24 AMT
Քարահունջի ղեկավարը զղջում է Առուշանյանի դեմ սուտ ցուցմունքի համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հայտարարել է՝ զղջում է, որ սուտ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։

Ավետյանը նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրները, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Նա տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին` ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ, տեղեկացնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Բազմաթիվ անգամներ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել է Ավետյանը։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվել է դեկտեմբերի 27-ը։

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: