30 նոյեմբերի 2021 - 16:26 AMT
Խաչեն քրաուդֆանդինգային հարթակը կզբաղվի ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ

Ռուսաստանի խոշորագույն ներդրումային հարթակի՝ «Պոտոկ․ Դիջիթալի» գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և Mikro Kapital հոլդինգի ստրատեգիական նախագծերի տնօրեն Դարիո Պելացցոն մեկնարկում են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված Khachen (Խաչեն) սոցիալապես պատասխանատու քրաուդֆանդինգային հարթակին։

Հարթակի շնորհիվ աշխարհի ցանկացած երկրի բնակիչ կարող է ներդրում անել ռեալ բիզնեսի մեջ, ստանալ ապրանք և օգնել ձեռներեցներին։

Արմեն Մինասյանը նշել է, որ ՀՀ փոքր և միջին բիզնեսի մասին վերջին պաշտոնական հաշվետվությունը 2018-2019թթ․ է և կարելի է եզրակացնել, որ Հայաստանում այս ոլորտի զարգացմամբ ավելի ակտիվորեն է անհրաժեշտ զբաղվել։

«Հայաստան ներդրումների հոսքն ապահովելը բարդ է՝ ելնելով երկրի տնտեսության ներկա վիճակից, պանդեմիայից, պատերազմի հետևանքներից և գեոպոլիտիկ լարվածությունից․․․ Բարդ իրավիճակում ութ միլիոնանոց սփյուռքի առկայությունը թույլ է տալիս փոխարինել ավանդաբար ներհոսող արտասահմանյան կապիտալը։ Մինչ այժմ հայկական սփյուռքի, որը, ըստ տվյալների, տարեկան 2 մլրդ դոլար է ուղղում Հայաստան, հիմնական գործիքն են բարեգործությունը, զբոսաշրջային ծախսերը և բարեկամներին դրամական փոխանցումները։ Մենք առաջարկում ենք խելացի ֆինանսական գործիք, որը հասու է յուրաքանչյուրին՝ անկախ բնակավայրից, և որն էական օգնություն է ցուցաբերում երկրի տնտեսությանը»,-ասել է նա։

Khachen-ի դիտորդական խորհրդի նախագահ Ֆերդինանդո Պելացցոն նշել է, որ քրաուդֆանդինգային հարթակը բիզնեսի համար է, որի հիմքում հայ ձեռներեցների արտադրանքի գնումը կամ նախապատվերն է։

«Հայաստանը և Իտալիան հնագույն երկրներ են, որոնց համար բնորոշ են փոքր բիզնեսն ու մեծ սփյուռքը՝ ամբողջ աշխարհում։ Հնարավորություն տալ սփյուռքին օգնել պատմական հայրենիքի իրենց ազգակիցներին՝ սա սեփական արմատների մասին հիշողության պահպանման արժանապատիվ միջոց է․․․ Khachen-ի մեխանիզմն օգտակար կլինի մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում են սեփական ձեռքերով և սեփական բիզնեսով կերտել իրենց ապագան»,-ասել է նա։

Khachen-ի համահիմնադիր Դարիո Պելացցոն նշել է, որ նախագծի նպատակներից մեկը Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է։

«Որպես սկիզբ մենք նպատակ ունենք մինչ 2028թ. ստեղծել 5000 նոր աշխատատեղ՝ այսինքն, տարեկան 130 հաջողված նախագիծ փոքր բիզնեսի սեգմենտում (ներառյալ գործող բիզնեսի ընդլայնումն ու նոր բիզնեսի գրանցումը)։ Հետագայում նպատակադրված ենք արդեն միջին բիզնեսին ուղղորդված ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։ 5-ամյա կտրվածքով պլանավորում ենք հարթակի հիման վրա մեկնարկ տալ equity crowdfunding-ին»,-ասել է նա։

Մինչև 2022թ ավարտը պլանավորվում է Հայաստանի տարածքում միկրո- և փոքր բիզնեսի սեգմենտում 150 նոր նախագծի մեկնարկ իրականացնել։ Առաջին տարվա ընթացքում ներդրումների մոտավոր ծավալը 300-400 մլն ռուբլի կլինի։ Մասնաճյուղերը. արտադրություն, սննդամթերք, զբոսաշրջություն, կրթություն։ Մշակույթի և սպորտի ոլորտի նախագծերը ևս ենթակա են հրապարակման։