ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Նա պարզաբանել է, որ մաքսավորնեը դեռ գործառույթներ չեն իրականացնում, և դա կարվի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը և վստահեցրել, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական մեքենան հատի ՀՀ սահմանը։
«Մեր որոշ ծառայողներ արդեն իրականացնում են ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ մաքսային շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք իրենք ցանկանում են գնել:
Բադասյանը չի ցանկացել ասել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։