27 մարտի 2009 - 14:07 AMT
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի թատերական գործիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ
Մարտի 27-ին արվեստասեր հասարակությունը նշում է Թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961թ. ի վեր եւ սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից : Տոնի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի թատերական գործիչներին եւ թատերասերներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Երկհազարամյա պատմություն ունեցող հայ թատրոնը անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային եւ հասարակական կյանքում: Թատրոնի նվիրյալների կերտած ճշմարիտ կերպարները հավերժորեն ապրում են սերունդների հիշողության մեջ, դաստիարակում նրանց գեղեցիկի, արդարի եւ հայրենասիրության նվիրական գաղափարներով: Այսօր էլ հայ թատրոնի լավագույն ավանդույթների շարունակումը կարեւոր է մեր ազգային մշակույթի ինքնատիպության պահպանման եւ հասարակության հոգեւոր առաջընթացի համար:
Վերստին շնորհավորելով բեմարվեստի բոլոր նվիրյալներին` մաղթում եմ առողջություն, երջանկություն, ստեղծագործական վերելք եւ հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում»,-ասվում է Հովիկ Աբրահամյանի ուղերձում: