27 մարտի 2009 - 14:49 AMT
Իսրայելը մտադիր չէ՞ փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
Չնայած «Ձուլածո արճիճ» գործողության պատճառով թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացմանը, Թել Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ անփոփոխ է մնացել:

Ինչպես գրում է Jewish.ru-ն, Իսրայելի դիվանագիտական շրջանակներից իրազեկ աղբյուրը հաղորդել է, որ հրեական պետության դիրքորոշումն այդ հարցում, որը ձեւակերպվել է 2007թ., փոփոխություն չի կրել: Առողջապահության նախարար Յակով Բեն-Իզրին այն ժամանակ հայտարարեց. «Մենք հրեաներս, կոտորածների ու ցեղասպանության զոհեր լինելով, առանձնակի համակրանք ենք տածում հայ ժողովրդի հանդեպ եւ հիշում ենք այն արյունալի փորձությունները, որոնց նա ենթարկվեց Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»: Սակայն Բեն-Իզրին հավելեց նաեւ, որ Իսրայելը հասկանում է հայ-թուրքական հարաբերությունների ողջ բարդությունը եւ հուսով է, որ երկու կողմերը կլուծեն իրենց խնդիրները բաց երկխոսության շրջանակներում, ինչը թույլ կտա նրանց ամոքել բոլոր դեռեւս արյունահոսող վերքերը:

«Վերջերս Թուրքիայի վարչապետ Թաիփ Էրդողանի հնչեցրած քննադատությունը Գազայում ՑԱԽԱԼ-ի գործողությունների հասցեին, ոչ մի կերպ չի անդրադարձել Թել Ավիվի պաշտոնական դիրքորոշման վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Իսրայելի տեսակետը չափազանց կարեւոր է, քանի որ ազդում է ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների դիրքորոշման վրա, որոնք, իրենց հերթին, Թուրքիայի կողմն են բռնում ԱՄՆ Կոնգրեսում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու հարցում: Ամերիկայի հրեա համայնքի առաջնորդները հայտարարել են, որ «լավ հարաբերություններն Իսրայելի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ չափազանց կարեւոր են կողմերից յուրաքանչյուրի համար»,-հայտարարել է Առաջատար հրեական կազմակերպությունների խորհրդի նախագահի տեղակալ Մալքոլմ Գոենլայնը:

Վաշինգտոնի Հակադիֆամացիոն լիգայի գրասենյակի ղեկավար Ջես Հորդեսը վստահեցնում է, որ այժմ եւս, Էրդողանի կտրուկ հայտարարություններից հետո, ոչինչ չի փոխվել: Լիգան ողջունում է թուրք իշխանությունների սեփական երկրում հակասեմիտիզմի դեմ պայքարելու ձգտումը: Սակայն, չնայած այդ հավաստիացումներին, ամերիկյան հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները հաղորդում են ԱՄՆ հրեաների շրջանում Թուրքիայի հանդեպ ժխտողական վերաբերմունքի աճի մասին: Խոշորագույն հրեական կազմակերպություններից մեկի ղեկավարը հայտարարել է. «Ամերիկայի հրեա համայնքի առաջնորդներն երբեք չեն ձգտել վերանայել իր վերաբերմունքը հայերի զանգվածային սպանությունների հանդեպ` ասելով, որ «այդ ամենը շատ վաղուց է եղել», թեեւ դա պատահել է Հոլոքոսթից ընդամենը 25 տարի առաջ, չէ որ բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ միշտ չափազանց կարեւոր են եղել իսրայելցիների համար: Այժմ, Դավոսում Էրդողանի անպատեհ արարքից հետո, ամեն ինչ զգալիորեն փոխվել է»:

Jewish.ru-ն, սակայն, գտնում է, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբաման տատանվում է, հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու հարցում: Ապրիլի 5-ին տեղի կունենան Օբամայի այցն Անկարա, որի ժամանակ նա հուսով է կարգավորել ամերիկա-թուրքական հարաբերությունները եւ այդ երկրի աջակցությունը ստանալ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման համար: Այս լույսի ներքո մոտ ապագայում հազիվ թե հայանպաստ որոշում կայացվի: