7 դեկտեմբերի 2021 - 10:49 AMT
Ալիևը ՀՀ-ից պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ հայտնել՝ սպառնալով խնդիրներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանից «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ հրապարակել՝ «այդ դեպքում խնդիրներ չեն լինի»։ Այդ մասին նա ասել է Ղուբայի շրջանում բնակիչների հետ հանդիպմանը։

«Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ ցանկացողներ կային, ընդ որում, բավականին ուժեղ շրջանակներ, բայց չկարողացան մեզ կանգնեցնել։ Ես ասում էի, որ ժամկետ ասեն՝ թե երբ են մեր հողերն ազատելու, այդ դեպքում կանգ կառնենք։ Նույնն այսօր եմ ասում` հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Ալիևը հավելել է, թե ՀՀ ղեկավարությունը և հայ հանրությունը պետք է դա հասկանան։

Ալիևն ասել է նաև, որ լավ կլիներ, եթե հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։

«Եթե ռևանշի միտում լինի, այդ հարցն անմիջապես կլուծվի։ Պատերազմից հետո Հայաստանի կողմից եղան նման փորձեր, բայց նրանք տեսան տխուր հետևանքները։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում ոչ անկեղծ մոտեցմանը»,-ասել է Ալիևը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել էր, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։ «Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել էր նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։

Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի հավանականության մասին հաղորդվել էր, չի կայացել