10 դեկտեմբերի 2021 - 17:55 AMT
Բեգլարյան. ՀՀ պաշտոնյաները միայն ԱՀ իշխանությունների հետ պետք է համաձայնեցնեն այցերն Արցախ` Բաքուն պետք է համակերպվի

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, արձագանքելով ԱԺ պատգամավորների Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի արձագանքին, հայտարարել է, որ ՀՀ իշխանության ցանկացած պաշտոնյա պետք է ազատ լինի և ազատ է Արցախ այցելելու համար։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել էր հանդիպել հայ գործընկերոջ հետ այն պատճառաբանությամբ, թե ՀՀ-ն «սադրիչ գործողությունների է դիմել»՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ են Արցախ այցելել։

Ըստ նրա՝ ցանկացած անձ, հատկապես հայ, Արցախ կարող է այցելել և պետք է այցելի միայն Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելով, տեղեկացնում է «Ա1+»-ը։

«Ադրբեջանի իշխանություններն այդ հարցի հետ որևէ կապ չունեն։ Ադրբեջանը շատ է ջղաձգվում, բայց դա անընդունելի է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է հակամարտության կարգավորում, ապա պետք է համակերպվի այդ մտքի հետ»,-ասել է նա։

«Մենք ունենք մեր իրավունքները, մեր ճակատագիրը մեր հայրենիքում որոշելու իրավունք»,-ասել է նա։