27 մարտի 2009 - 21:13 AMT
World Vision Հայաստանը ներկայացրել է Երեւանի համար նախատեսված առաջին Զարգացման ծրագիրը
Այսօր կայացել է Երեւանի Զարգացման ծրագրի պաշտոնական բացումը World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:

Բացման արարողությանը ներկա էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Իր խոսքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը հայտնել է, որ թեեւ վերջին տարիներին Երեւանն ակտիվ տեմպերով առաջ է շարժվում, չի կարելի չնկատել, որ դեռ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Ես գտնում եմ, որ միայն պաշտոնական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ինտենսիվ համագործակցության օգնությամբ հնարավոր է գտնել գոյություն ունեցող խնդիրների լուծումը»,- հայտնել է նա:

World Vision միջազգային բարեգործական կազմակերպությունը Հայաստանում աշխատում է արդեն 20 տարի: Կազմակերպությունը Ալավերդիում, Գավառում, Գյումրիում, Կապանում, Թալինում, Սիսիանում, Ստեփանավանում, Վարդենիսում, ինչպես նաեւ Տավուշում իրականացնում է մարզային զարգացման 9 ծրագիր: Ընդհանուր առմամբ, World Vision Հայաստանն աշխատում է 150 համայնքներում եւ օգնում է 22 000 երեխաների ընտանիքներին: Կազմակերպիչների խոսքով, 10-րդ ծրագրի իրականացման համար ընտրվել է «Քանաքեռ-Զեյթուն» համայնքը, քանի որ այդ համայնքում ապրում են առավել կարիքավոր ընտանիքները, որոնք աջակցության կարիք ունեն:

Հայաստանի մարզերում World Vision ծրագրերի իրականացման մեթոդների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին World Vision-ի Հայկական ներկայացուցչության ազգային գրասենյակի տնօրեն Մարկ Կելլին պատասխանել է, որ կազմակերպության աշխատանքը հիմնականում կենտրոնացած է գյուղական տեղանքի վրա, քանի որ այնտեղ կարիքավոր երեխաներն ավելի շատ են, քան մայրաքաղաքում: