27 մարտի 2009 - 21:41 AMT
Տարմո Ռյույտլի. Հայաստանի ու Էստոնիայի հավաքականները հաջողության հասնելու հավասար շանսեր ունեն
Էստոնիայի հավաքականի մարզիչ Տարմո Ռյույտլին հուսով է, որ Էստոնիայի հավաքականը միավորներ կվաստակի 2010թ Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղալով Հայաստանի հավաքականի հետ: Ռյույտլին խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է, որ Հայաստանի հավաքականն ավելի արագընթաց ու վառ ֆուտբոլիստներ ունի, քան իր թիմը, սակայն ֆուտբոլը նաեւ թիմային խաղ է եւ նա հույսը դրել է հենց դրա վրա:

«Առջեւում դժվար, սակայն հետաքրքիր խաղ է: Ես գտնում եմ, որ Հայաստանի հավաքականի հետ խաղերում մենք միավորներ կվաստակենք: Էստոնիայում մեզնից առնվազն ոչ ոքի են ակնկալում դրսում եւ հաղթանակ տանը: Հայաստանին դեռեւս չի հաջողվել միավորներ վաստակել, սակայն կարծում եմ, որ Հայաստանն առանց միավորների չի մնա: Ես գտնում եմ, որ հաջողության հասնելու մեր շանսերը հավասար են: Ես ուսումնասիրել եմ Հայաստանի հավաքականի խաղը: Դա տեխնիկապես պատրաստված ու արագընթաց թիմ է, ի տարբերություն մեր թիմի: Մենք նման որակներ դեռեւս քիչ ունենք: Սակայն մենք կաշխատենք հակադրել նրանց կոլեկտիվ եւ մարտավարական խաղ»,-ասել է մարզիչը:

Անդրադառնալով Էստոնիայի հավաքականի կազմին` Ռյույտլին նշել է, որ միակ կորուստը «Ռոդա» հոլանդական թիմի հարձակվող Անդրես Օպերն է:

«Մենք բավականին օպտիմալ կազմ ունենք: Միակ կորուստը «Ռոդա» հոլանդական թիմի հարձակվող Անդրես Օպերն է, որը վերջերս լուրջ վնասվածք էր ստացել: Ուստի Հայաստանի հավաքականի հետ խաղում նա չի ընդգրկվել,-ասել է Ռյույտլին,-ինչ վերաբերում է Էստոնիայի հավաքականին ընդհանուր առմամբ, ապա կասեմ, որ հզորանալու համար մեզ լեգիոներներ են հարկավոր: Էստոնիայում շատ թույլ առաջնություն է, եւ դա թույլ չի տալիս մեր ֆուտբոլիստներին բարձրակարգ մակարդակ ունենալ: Ճիշտ է, մենք այժմ արդեն սկսել ենք հրավիրել մասնագետներ արտերկրից, որոնք զբաղվում են աճող սերնդով: Սակայն այնուամենայնիվ ուժեղ թիմ ձեւավորելու համար մեզ լեգիոներներ են հարկավոր»,-ասել է նա: