27 մարտի 2009 - 22:36 AMT
Գոհարյանի «վնասվածքը» թույլ է տալիս հանդես գալ «Բատեի» կազմում, սակայն ոչ Հայաստանի հավաքականի համար
Բելառուսի «Բատե» թիմի հարձակվող Հովհաննես Գոհարյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում Էստոնիայի հավաքականի հետ խաղում, որը կայանալու է 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Դրա պատճառը, ըստ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի, հայ հարձակվողի վնասվածքն է: Այդ մասին նա հայտարարել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Մինչդեռ Գոհարյանն այսօր դարձավ կրկնակի գոլի հեղինակ Նեսվիժի «Վերասայի» հետ ստուգողական խաղում, որտեղ Բորիսովի թիմը խոշոր հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Հայ հարձակվողն աչքի ընկավ խաղի 7-րդ եւ 77-րդ րոպեներին: Այդ մասին ասվում է բելառուսական թիմի պաշտոնական կայքում:
Նշենք, որ Գոհարյանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն այդպես էլ հրավեր չստացավ Պոուլսենից:
Այդպիսով, հայկական հավաքականում Գոհարյանի բացակայության իսկական պատճառը դեռեւս հայտնի չէ: