Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ հանդիպմանը նրա ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին։
Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակը շարունակելու է գործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:
Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը: