22 դեկտեմբերի 2021 - 10:23 AMT
Մահացել է Ռիմա Դեմիրճյանը. Փաշինյանը ցավակցել է ընտանիքին

88 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին: Տիկին Դեմիրճյանն օրինակելի կին էր, ընտանիքի հոգատար մայր, ով վայելում էր հասարակության սերն ու հարգանքը: Միաժամանակ, նա զբաղվել է դասախոսական բեղմնավոր աշխատանքով՝ կրթելով երիտասարդ սերնդի լայն շրջանակների։

Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:

Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»,– ասված է Փաշինյանի հեռագրում:

Մի քանի օր առաջ Ռիմա Դեմիրճյանը տեղափոխվել էր հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում էր։