22 դեկտեմբերի 2021 - 13:41 AMT
ՀՀ նախագահն ու կաթողիկոսն ընդունել են Վալերի Պեկրեսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի այցը Հայաստան, նշել է, որ Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է:

Վալերի Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։

«Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել: Ու դրա համար անչափ գնահատելի ենք համարում բարեկամներից ստացված օգնության ձեռքը: Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»,-ասել է նախագահը:

Պեկրեսը, նշելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, ասել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին. «Այսօր Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման, ապագային ուղղված ծրագրերի շուրջ:

Վալերի Պեկրեսին ընդունել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Հայոց հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Դեկտեմբերի սկզբին եռօրյա այցով Հայաստանում էր նաև Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։