Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթերը կմեկնարկեն առաջիկա օրերին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել էր, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Իսկ ՀՀ-ն կներկայացնի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։