29 հունվարի 2022 - 15:20 AMT
Ամրոցների պատկերներով տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն հասարակական վայրերում

Հայկական ամրոցների պատկերներով տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն հասարակական վայրերում։ Հունվարի 28-ին մեկնարկել է «Հայաստանի ամրոցները» գիտակրթական, ճանաչողական ծրագիրը, որը տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ կիրականացնի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։

Ծրագիրը նախաձեռնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Արցախի Հանրապետության ամրոցների ու բերդերի լուսանկարների, հատակագծերի, զարդանախշերի պաստառները։

Նպատակը՝ մշակութային ժառանգության պահպանությունը և հանրահռչակումն է, նաև՝ հուշարձանը այլ տեսանկյունից ներկայացնելը։

Նախատեսվում է բաց դասերի անցկացում հանրակրթական դպրոցներում, ճանաչողական այցեր՝ «Բջնի ամրոց», «Դաշտադեմ», «Ամբերդ», «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ, որտեղ դպրոցականները կծանոթանան մշակութային ժառանգությանը, միջնադարյան ռազմարվեստի փառավոր էջերին, հայ ասպետների վարքականոնին, ռազմական գործին, դաշտային ռազմական խաղերին ու զենքերի վերակազմություններին։

Մասնագետների օգնությամբ նրանք կպատրաստեն միջնադարյան զենքերի կրկնօրինակներ: