ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆեյք տեսագրություն է պատրաստել որպես Ուկրաինա ներխուժման պատրվակ օգտագործելու համար։ Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Ըստ The New York Times-ի, հետախուզական տվյալները վկայում են, որ Ռուսաստանը մտադիր է բեմականացնել և տեսագրել, թե ինչպես են ուկրաինացի զինվորականներն իբր հարձակվում ՌԴ տարածքի կամ Ուկրաինայի արևելքի ռուսալեզու բնակչության վրա։ Նշվում է, որ տեսագրության մեջ դերասանները ներկայացվելու են որպես մահացած մարդիկ, լինելու են պայթյունների հետևանքների տեսարաններ, կեղծ ուկրաինական ռազմատեխնիկա և թուրքական անօդաչուներ։ Թե ով է կանգնած տեսագրության հետևում, հայտնի չէ, սակայն, ըստ NYT-ի, ՌԴ հետախուզությունն է ներգրավված, գրում է Meduza-ն։
Պարբերականի աղբյուրների համաձայն, ՌԴ-ն մտադիր էր օգտագործել տեսանյութը Ուկրաինային ռուսալեզու բնակչության ցեղասպանության մեջ մեղադրելու և այդ երկիր ներխուժումն արդարացնելու համար։ «Այդ տեսանյութը, եթե այն հրապարակվի, կարող է Պուտինի համար անհրաժեշտ կայծը լինել՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու և արդարացնելու համար»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, որին մեջբերում է Reuters-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը, ասել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ խոսում է Ուկրաինա ներխուժելու ՌԴ մտադրությունների մասին, սակայն, դրան ոչինչ չի հաջորդել։
«Սա առաջին խոստումը չէ։ Նախկինում էլ են դրանք բարձրաձայնվել, բայց այդպես էլ ոչինչ չի եղել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։