5 փետրվարի 2022 - 15:37 AMT
Նիդերլանդներում ՄԻԱՎ-ի նոր, առավել վտանգավոր տարբերակ են գտել

Օքսֆորդի համալսարանի գիտնականները Նիդերլանդներում ՄԻԱՎ-ի նոր, առավել վտանգավոր տարբերակ են հայտնաբերել՝ այն ավելի վարակիչ է (այսինքն ավելի հեշտ է մարդուց մարդու փոխանցվում) և ավելի քայքայիչ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։

Այդպիսի 17 դեպք է գրանցվել, գրում է BBC-ն։

ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում վիրուսը (CD4) քայքայում է հիվանդի իմունային համակարգի բջիջները: Արդյունքում իմունային պաշտպանությունն աստիճանաբար թուլանում է և վաղ թե ուշ վարակակիրն անպաշտպան է դառնում ցանկացած պաթոգենի առջև։ Վնասակար սնկերը, վիրուսներն ու բակտերիաները բազմանում են հիվանդի օրգանիզմում, ոչ մի դիմադրության չհնադիպելով, և այդ ժամանակ հիանդությունը վերածվում է ՁԻԱՀ-ի։

Անհրաժեշտ թերապիայի բացակայության դեպքում հիվանդի իմունային համակարգը թուլանում է և նվազագույնի հասնում 6-7 տարվա ընթացքում։ ՄԻԱՎ նոր տարբերակի դեպքում, դա տեղի է ունենում 2-3 տարում։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science հանդեսում, 17 այդպիսի դեպք է հայտնաբերել, որից 15-ը՝ Նիդերլանդներում, 1-ը՝ Շվեյցարիայում և 1-ը՝ Բելգիայում։ Վիրուսային գենոմի վերծանումը բազում մուտացիաներ է հայտնաբերել ՌՆԹ ամբողջ շղթայում։

Սակայն, ըստ գիտնականի, խուճապի առիթ չկա, քանի որ հակառետրովիրուսային դեղամիջոցները, որոնք արգելակում են վիրուսի բազմացումն օրգանիզմում, հիանալի աշխատում են նաև VD տարբերակի դեպքում։

Աշխարհում, ԱՀԿ տվյալներով, մոտ 38 մլն մարդ է տառապում ՄԻԱՎ-ով։