Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման օգտին և աշխատում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այդ մասին Զախարովան ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հայկական եկեղեցիներից հայկական արձանգրությունները ջնջելու նպատակով Ադրբեջանում աշխատանքային խմբի ստեղծմանը և ինչ է մտադիր անել այդ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար։
«Պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է Բաքվի և Երևանի հետ շփումներում»,-ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի 2021թ․ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությամբ կոչ է արվում ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել գործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո հումանիտար հարցերում իրական առաջընթացի հասնելու համար, ինչը ներառում է նաև պատմական և մշակութային օբյեկտների պահպանությունը։