1 ապրիլի 2009 - 14:08 AMT
«Սթարի» փակման մասին խոսք անգամ չի կարող լինել
«Սթարի» փակման մասին խոսք անգամ գնալ չի կարող: Մենք աշխատում ենք, զարգանում ենք, եւ դա անհնար է չնկատել,- հայտարարեց այսօր «Սթար» սուպերմարկետների ցանցի Գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը,- պարտավորությունների ժամկետը կազմում է 38-45 օր, բայց դա ոչ մի կերպ չի արտացոլվի մեր ընկերության եկամտաբերության վրա: Դա նորմալ երեւույթ է. արեւմտյան պետություններում ցանցերի պարտավորությունների չափը կարող է հասնել նույնիսկ մինչեւ 90 օրվա: Բացի այդ, մեր պարտավորությունները ուղիղ համեմատական են մեր գնումներին: Ամեն օր մենք խոշոր վճարումներ ենք կատարում ապրանքի մատակարարման համար եւ մոտակա 10-15 օրվա ընթացքում կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մատակարարների նկատմամբ»:
«Հանելուկ է մնում այն, թե ում է ձեռնտու «Սթար» սուպերմարկետների ցանցի փակման մասին լուրեր տարածել, եւ թե ինչ «տեղեկացված աղբյուր» է, որ չի ցանկանում հանդես գալ բացահայտ հայտարարություններով: Վերջին մի քանի ամսվա ընթացքում նման ապատեղեկատվությունը նախանձելի պարբերականությամբ հրապարակվում է մամուլում, եւ դա, որպես կանոն, կրում է սադրիչ բնույթ: Հնարավոր է պատճառը ցանցի արագ զարգացումը եւ ապագա լուրջ պլաննե՞րն են»,-նշել է «Սթարի»-ի մարքեթինգի տնօրեն` Նարինե Ավետիսյանը:
Մարտի 30-ին «տեղեկացված աղբյուրը», որ ցանկացել էր մնալ գաղտնի, PanARMENIAN.Net-ի թղթակցին էր հաղորդել, որ «Սթար» սուպերմարկետների ցանցը փակման շեմին է եւ որպես ասվածի ապացույց էր ներկայացնում ցանցի պարտավորությունները մատակարարներին: