2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ՝ 2021-ին առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ դոլար։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25․2%-ով, մինչդեռ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճ են ապահովել թարմ և վերամշակված գյուղմթերքները՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերական արտադրանքները և այլն»,- նշել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Արտահանման ծավալների աճին զուգահեռ աճել են նաև միության երկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստ ծագման երկրի` ներմուծումն աճել է18․5%-ով։
«Հուսով ենք, որ այս տարի համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև կառավարությունների և միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ»,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։
ՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: