1 ապրիլի 2009 - 16:04 AMT
Թուրքիայի հետ սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից
Բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Դենիս Սամմուտը գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ սահմանի բացումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու երկու կողմերի առաջխաղացմանը` շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

«Հայաստանն ու Թուրքիան մի շարք չլուծված խնդիրներ ունեն հարաբերություններում, որոնք բոլորովին կապված չեն ղարաբաղյան հակամարտության հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կարող են կարեւոր եւ դրական իրադարձություն հանդիսանալ ողջ տարածաշրջանի համար, եւ վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները շահ են ստանում դրանից»,-հավաստիացրել է Links-ի գործադիր տնօրենը:

Բացի այդ, սահմանի բացումը մանեւրելու հնարավորություն կտա Հայաստանին եւ կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանից, ասել է Սամմուտը: Նա կոչ է անում ադրբեջանցի քաղաքագետներին վերաբերվել սահմանի բացման հարցին` հաշվի առնելով ներկա իրողությունները, հաղորդում է TrendNews-ը: