25 փետրվարի 2022 - 18:19 AMT
Սոչիում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին չեղարկվել է

Ավտոմրցավազքի «Ֆորմուլա-1» աշխարհի առաջնության Սոչիում կայանալիք Գրան պրին չեղարկվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։

«Մենք ցավով և շոկի զգացումով ենք հետևում Ուկրաինայում զարգացող իրադարձություններին և հուսով ենք, որ այն արագ և խաղաղ հանգուցալուծում կստանա։ Փետրվարի 24-ի երեկոյան «Ֆորմուլա-1»-ը, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA) և թիմերը քննարկել են մեր մարզաձևի դիրքորոշումը և եկել այն եզրակացության, որ Գրան պրիի անցկացումը ՌԴ-ում ներկայիս պայմաններում անհնար է»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն տեղափոխել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը 2021/22 խաղաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։