Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են ՀՀ տնտեսությունում ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը։
Քննարկվել են նաև հայկական և ֆրանսիական համայնքների միջև փոխգործակցության զարգացման ծրագրերը՝ այդ համատեքստում անդրադարձ կատարելով հունիսին Լիոնում կայանալիք միջոցառմանը Հայաստանի մարզերի ծրագրերն ու հետաքրքրությունները ներկայացնելու անհրաժեշտությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում գործակցության ուղղություններին, մասնավորապես՝ նախորդ տարի ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության 5 տարվա ճանապարհային քարտեզի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչության բացման կարևորությանը։
Փոխվարչապետը դեսպանի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Վերջինի համատեքստում, Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացնելու առումով:
Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում համատեղ շատ աշխատանքներ են իրականացվել, իսկ առաջիկա տարիներին՝ հատկապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, անելիքներն ավելի շատ կլինեն։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։