7 մարտի 2022 - 10:50 AMT
ԱՀ դատախազություն․ Ադրբեջանը շարունակում է լարված մթնոլորտում պահել Խրամորթի մերձակայքը

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Այդ մասին ասվում է Արցախի դատախազության հայտարարության մեջ։

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպումը։

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակը հավելելուց հետո առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»։

Մարտի 6-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում Խրամորթի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ։ Այս մասին ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մոտ 5-6 րոպե տևել են կրակոցները։ Մերոնց պատասխան գործողություններից հետո միայն ադրբեջանական կողմը լռել է։ Խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որ ժամանեցին, արդեն որոշակի հանդարտվել էր իրավիճակը»,-ասել է Աբրահամյանը։

Նա ասել է, որ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները խոսել են ադրբեջանական կողմի հետ, որից հետո խրամորթցիներին հավաստիացրել են, որ վիճակը չի սրվի։

Նա հավելել է, որ գյուղի ուղղությամբ պարբերաբար կրակոցներ արձակելով՝ ադրբեջանցիները փաստացի խոչընդոտում են, որ խրամորթցիները մշակեն իրենց սեփականություն հանդիսացող հողը։

«Ոչ մի երաշխիք չկա, որ անգամ խաղաղապահի ներկայությամբ չեն կրակելու դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ»,-ասել է նա։

Մարտի 4-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ։ Նրանք նաև բարձրախոսով ասել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ դեպքում՝ ուժ կկիրառվի։ Այդ մասին հայտնել է ար ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հայտնում է News.am-ը։