Պատերազմի պատճառով Ուկրաինայից ավելի քան 1 մլն երեխա է հեռացել։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը։
Նրանց մեծ մասը ծնողների հետ միասին տեղափոխվել է Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Մոլդովա և Ռումինիա։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, երեխաները ստիպված են լքել այն ամենը, ինչ նրանց հոգեհարազատ է։ Դա սարսափելի է»,-ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։