ԱՄՆ-ն առնվազն 45 մլն դոլար կհատկացնի Հայաստանին և 2 մլն դոլար Արցախին, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 ֆինանսական տարվա ամփոփիչ օրինագիծը, որով նախատեսվում է գումարի հատկացումը։ Արցախին տրամադրվող միջոցները նախատեսված են հումանիտար ականազերծման համար։
Ֆինանսական աջակցությունը հատկացվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն կրտսերի և Ջեքի Սփիրի նամակից հետո, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Աննա Էշուի և Ջիմ Կոստայի մեկ այլ նամակի հիման վրա, որոնք կոչ էին արել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների ենթահանձնաժողովների ղեկավարությանը՝ Արցախին հավելյալ 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել։
Օրինագիծը ներառում է նաև Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ հոդվածի ձևակերպում և պահանջում է զեկույց, որը կգնահատի Արցախի դեմ նոր ռազմական գործողությունների հավանականությունը և կներկայացվի «ոչ ուշ, քան օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր անց»։