18 մարտի 2022 - 12:23 AMT
Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Ջեյհուն Բայրամովը մարտի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և անդրադարձել ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնարար սկզբունքին (Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ)։ Ֆրանսիացի նախարարը Փարիզի աջակցությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքին, հաստատել է, որ հենց այդ փաստաթուղթն է փոխանցվել հայկական կողմին։ Միրզոյանն ասել է` կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ «Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,-ասել է Միրզոյանը։

5 կետից-- https://www.panarmenian.net/arm/news/299006/