30 մարտի 2022 - 13:13 AMT
ՄԱԿ-ը մտահոգ է ԼՂ-ում լարվածությամբ և կոչ է անում հարցերը լուծել «ուղիղ երկխոսությամբ»

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգություն են առաջացնում։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ողջունում է լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և շուրջը լարվածության մասին հաղորդագրություններով։ Մենք ողջունում ենք ապասրացմանն ուղղված ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,-ասել է նա։

Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին «զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։