3 ապրիլի 2009 - 02:14 AMT
ԱՄՆ կոնգրեսականները Օբամային կոչ են անում օժանդակել հայ-թուրքական հաշտությունը
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային հղված եւ դեմոկրատական ու հանրապետական կուսակցություններից 29 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակում նշվում է, որ ԱՄՆ պետք է հաստատի իր հստակ դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ մտնելու վերաբերյալ, ինչպես նաեւ օժանդակի հայ-թուրքական հաշտությունը, հաղորդում է AFP-ն:

Նամակում նաեւ ընդգծվում է, որ ԱՄՆ պետք է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օգնի անհրաժեշտ քաղաքական, տնտեսական եւ դատական բարեփոխումների անցկացման գործում: «Մենք հավատում ենք, որ Թուրքիան հաջողության է հասել աշխարհիկ ժողովրդավարության կառուցման մեջ, որը միանգամայն հարգում է իրավունքի գերակայությունն ու մարդու քաղաքացիական, կրոնական ազատությունների եւ իրավունքների երաշխիքները` ելնելով թուրքական ժողովրդի, ԵՄ եւ ԱՄՆ շահերից»,- գտնում են ամերիկյան օրենսդիրները` նշելով, որ ԱՄՆ պետք է «միանշանակ» օժանդակի Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերը` ուղղված հարաբերություններում առկա լարվածության մեղմացմանը: