3 ապրիլի 2009 - 11:31 AMT
«Ամերիաբանկ»-ը տարեկան բոնուսներ կվճարի իր աշխատակիցներին
«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը քննարկել է բանկի 2008թ.-ի գործունեության արդյունքները եւ հաշվի առնելով բանկի մի շարք ցուցանիշների աննախադեպ աճի տեմպերը, ինչպես նաեւ իր ռազմավարական գործընկեր «Տրոյկա Դիալոգ» խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը` ստեղծելու եւ պահպանելու լավագույն աշխատանքային թիմի գաղափարը, որոշում է կայացրել, անկախ շուկայում տիրող ֆինանսատնտեսական զարգացումներից, բանկի աշխատակիցներին խրախուսելու նպատակով վճարել տարեկան բոնուսներ:
Ներկայիս միջազգային տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպել է կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն տնտեսական իրավիճակի անբարենպաստ պայմաններն ամենեւին չխոչընդոտեցին «Ամերիաբանկ»-ին` հանդես գալու իր կադրային քաղաքականության նախանշած խնդիրների իրագործմամբ` աշխատակազմի ճիշտ մոտիվացում, լավագույն թիմի ստեղծման եւ պահպանման լծակների կիրառում:
Կարեւորելով յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր աշխատանքային լումայի գնահատման խնդիրը` բանկը ընթացիկ տարում մշակել եւ ներդրել է անձնակազմի աշխատանքի գնահատման նոր` «360o գնահատման համակարգ», համաձայն որի յուրաքանչյուր աշխատակցին ցուցաբերվում է գնահատման հատուկ, համալիր մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում նույնիսկ նույն աշխատատեղում ստանալ աշխատավարձի մի քանի փուլերով բարձրացման հնարավորություն:
Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: