Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում գազի նոր սակագները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 1-ի նիստում որոշվել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար նոր սակագներ կսահմանվեն։
Հանձնաժողովի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խմ գազ սպառելու դեպքում չի փոխվել՝ կազմելով 100,000 դրամ/հազար խմ (100 դրամ 1 խմ դիմաց)։
Մյուս բնակիչ բաժանորդները տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար կվճարեն 143,700 դրամ/հազար խմ ( 143,7 դրամ 1 խմ դիմաց):
Ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը, նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, կվճարեն 233.9 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը կկազմի 233.9 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
Վերոնշյալ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10, 000 խմ գազի համար կկազմի 143,700 դրամ և 10,000 խմ-ը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։
Ավելի վաղ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ որ սահմանին գազի գինը նույնը կմնա բացարձակ արժեքով, բայց արդեն կալորիայի ճշգրտում կարող է կիրառվել, ինչը ենթադրում է, որ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար արժեքի վրա կարող է կիրառվել գործակից՝ կախված նրանից, թե փաստացի ինչ կալորիայով գազ կմատակարարվի։
Մինչ ապրիլի 1-ը սոցիալապես անապահով խմբերը գազի համար նույն գինն էին վճարում` 100 դրամ՝ 1 խմ-ի համար, մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ 1 խմ-ի համար, ամսական 10, 000 խմ գազ սպառող տնտեսվարողները՝ 255.91 դոլարին համարժեք դրամ 1000 խմ համար։