3 ապրիլի 2009 - 13:10 AMT
Շվեդիան շահագրգիռ է ամրապնդել Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերը
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հայ-շվեդական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Շվեդիայի առեւտրի հարցերով պետքարտուղար Գուննար Ուիեսլանդերին, որը մասնակցում է հայ-շվեդական գործարար համաժողովին: Նալբանդյանը դրական գնահատեց հայ-շվեդական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնությունը: Նա նշեց, որ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում համաժողովը համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի գործարարներին` ընդգծելով, որ նման փոխգործակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների կարեւորագույն տարրերից է:
Պետքարտուղար Ուիեսլանդերն իր հերթին նշեց, որ Շվեդիան շահագրգիռ է ամրապնդել Հայաստանի հետ ակտիվորեն զարգացող առեւտրատնտեսական կապերը եւ իր այցելությունն ու ներկայացուցչական համաժողովի անցկացումը դրա վկայությունն է: Պետքարտուղարը հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի նոր գործարար կապերի ձեւավորմանն ու համագործակցության ոլորտների ընդլայնմանը: Գուննար Ուիեսլանդերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: