3 ապրիլի 2009 - 21:23 AMT
Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 6-ին Երեւան կժամանի Եվրոպական խորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությունը` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորությամբ: Ապրիլի 6-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ ԵՄ դեսպանների, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ, կայցելի «Կենտրոն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
Ապրիլի 7-ին պատվիրակությունը հանդիպում կունենա հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ: Նույն օրը տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ապրիլի 8-ին կշարունակվի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա հանձնաժողովի համանախագահներ Ավետ Ադոնցի եւ Մարի Անն Իզլեր Բեգենի հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները կամփոփվեն մամլո ասուլիսով: Պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 9-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը կմեկնի Երեւանից, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: